6 հուլիսի 2009 - 14:21 AMT
ՎՏԲ բանկը (Հայաստան) շարունակում է սատարել Հայաստանի տնտեսությանը
2009 թվականին Բանկ ՎՏԲ (Հայաստան) ՓԲԸ-ն կշարունակի ավելացնել ՀՀ տնտեսության համար հատկացվող ռեսուրսների ծավալները ըստ բանկի 2008-2010թթ. ռազմավարական զարգացման ծրագրի, հատկացումներ անելով այդ թվում նաեւ արտաքին առեւտրի ոլորտում գործարքների ֆինանսավորման համար: Այդ մասին հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 209թ. հունիսին ՎՏԲ բանկը (Հայաստան) ֆինանսավորել է «X Group»-ի դուստր ձեռնարկության «Արաքս» թռչնաֆաբրիկայի» համար 1,66 մլն եվրո արժողությամբ հավկիթների արտադրության համար նախատեսված սարքավորումների առաքումը: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 1,66 մլն եվրո: Ընդ որում պայմանագրի արժեքի 85 տոկոսի համար ՎՏԲ բանկը (Հայաստան) հաստատագրված ակրեդիտիվ է բացել վճարման հետաձգմամբ` «ՎՏԲ բանկ (Ֆրանսիա)» ԲԸ-ի ֆինանսավորմամբ:

Նշված նախագծի շրջանակներում «Արաքս» թռչնաֆաբրիկան, որը հիմնականում զբաղվում է թռչնամսի արտադրությամբ, նախատեսում է զգալիորեն մեծացնել հավկիթների արտադրության ծավալները, ապահովելով օրեկան շուրջ 400 հազար հատ հավկիթների արտադրության ընդհանուր մակարդակը:

Այսօրվա դրությամբ թռչնամսի միջին ամսեկան ծավալը կազմում է 350 տոննա կամ Հայաստանի շուկայի շուրջ 30 տոկոսը: 2001-2008թթ. «Արաքս» թռչնաֆաբրիկայի արտադրության ծավալները աճել են 5 անգամ: