7 հուլիսի 2009 - 20:32 AMT
ԼՂՀ-ում քննարկում են ներկայիս իրադրությունը բանակցային գործընթացում
2009թ. հուլիսի 7-ին Ստեփանակերտում կայացավ ԼՂՀ ՀԿ Ռեսուրսային կենտրոնի խորհրդի եւ փորձագետների խորհրդի հերթական աշխատանքային հանդիպումը: Մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարներ ու փորձագետներ քննարկեցին ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ վստահության կառուցման հասարակական գործընթացում ստեղծված իրադրությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են Խորհրդի կենտրոնից: Ղարաբաղյան փորձագետների կարծիքով, վերջին իրադարձությունների եւ բազմամյա խաղաղարարական գործընթացի ընդհանուր պատկերի վերլուծությունը բերեց միանշանակ եզրակացության. հակամարտության մեջ ներգրավված Հայաստանի, Ադրբեջանի եւ ԼՂՀ հասարակությունների երկխոսության մակարդակով խաղաղարարական գործընթացի զարգացումը ակնհայտ բացասական դինամիկա ունի: «Նման եզրակացությունները կատարվել են` ելնելով հետեւյալ գործոններից. նախ, Ադրբեջանի ջանքերով` ի դեմս նրա իշխանությունների, սկզբում պաշտոնական բանակցային մակարդակում, իսկ հետո հասարակական երկխոսության մակարդակում կրկին ակտիվորեն սկսեց խմորվել «միջհամայնության» հասկացությունը: Այսինքն, ակնհայտ են ղարաբաղյան հակամարտության էությունը խեղաթյուրելու, փաստացի եռակողմ ձեւաչափը երկկողմի ձեւափոխելու, իսկ ղարաբաղյան հասարակության ներկայացուցիչներին Ղարաբաղի հայկական համայնք ներկայացնելու` պաշտոնական Բաքվի ինտենսիվ եւ համառ փորձերը: Երկրորդը, ԱՀ քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ հասարակական պլատֆորմն օգտագործում են որպես հրապարակ պաշտոնական Ադրբեջանի անհիմն քաղաքական շահերի բավարարման համար: Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից հասարակական երկխոսության մեջ քաղաքական չափանիշների ներմուծումը անմիջապես առաջ է բերում ԼՂՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ճիշտ հակառակ քաղաքական արձագանքը: Այդպիսով, վստահության կառուցման գործընթացը վերածվում է քաղաքական դիրքերի հիմնավորման գործընթացի: Եւ, վերջապես, երրորդը, Ադրբեջանի ԶԼՄ ակտիվորեն լուսաբանում են այդ հասարակական գործընթացները` դրանց հաղորդելով բացահայտ քաղաքական գունավորմամբ սուբյեկտիվ մատուցում եւ արդյունքում ողջ խաղաղապահական ծրագիրը ձեռք է բերում ադրբեջանական քարոզարշավի ընդամենը եւս մեկ գործիքի բնույթ»,- ասվում է Խորհրդի նիստին ընդունված փաստաթղթում:
Փաստաթղթի հեղինակների կարծիքով, այդպիսով, Ադրբեջանի կողմից խաղաղապահական գործընթացի ակտիվ քաղաքականացումը եւ այդ միտումներին դիմակայելու` միջազգային միջնորդական կազմակերպությունների եւ կառույցների անընդունակությունը ստիպում է մտածել, թե որքանով է այդ գործընթացն առհասարակ խաղաղապահական: Վերջին տարիների նախաձեռնությունների մեծամասնությունն արդյունքում միայն սրման, հասարակությունների առավել մեծ դժգոհությանն ու չվստահելուն են հանգեցրել: Նման արդյունքը ապակառուցողական մոտեցման վկայությունն է, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է քաղաքական նպատակների քարոզչության համար երկխոսության հրապարակի օգտագործման անհնարությունը: