7 հուլիսի 2009 - 21:08 AMT
Նաիրա Մելքումյան. Երբ խլացվում է հասարակության ձայնը, նա ագրեսիվ է դառնում
«Հայ իրականության մեջ հանդուրժողականությունն ասոցացվում է ավելի շատ հնազանդության հետ, սակայն հանդուրժողականությունն ավելի խորը փիլիսոփայական արմատներ ունի: Իսկ հանդուրժողական քաղաքական երկխոսությունը նշանակություն ունի միայն այն ժամանակ, երբ բանավեճից հետո նկատվում են ինչ-որ դրական քայլեր: Բայց դրա փոխարեն մեզ մոտ հնչում են հայհոյանքներ եւ փոխադարձ վիրավորանքներ»,- այդ մասին այսօր Civilitas հիմնադրամի կողմից կազմակերպած քաղաքական երկխոսության մշակույթի հերթական հասարակական քննարկման ժամանակ նշել է հայ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Որպես ակնառու օրինակ նա բերեց վերջին դեպքերը` կապված ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Պոստանջյանի հետ:

Քննարկմանը մասնակցում էին նաեւ ՀՅ Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, Civilitas հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը եւ ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Նաիրա Մելքումյանը:

Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ քաղաքական հանդուրժողական բանավեճի բացակայության պատճառը հայ հասարակության չպատրաստված լինելն է: Իսկ հասարակությանը պետք է պատրաստել բացատրական աշխատանքի եւ կրթական ծրագրերի միջոցով: Նա նաեւ նշեց, որ այստեղ կարեւոր դեր են խաղում ԶԼՄ-ները, որոնք այժմ ավելի շատ ուշադրություն են դարձնում միեւնույն երեւույթի բացասական կողմերին:


ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավար Նաիրա Մելքումյանը ցավակցությամբ ավելացրեց, որ Հայաստանում քաղաքական բանավեճերը տեղ ունեն միայն ընտրությունից ընտրություն, իսկ մնացած ժամանակ հայհոյանք է հնչում: Այդ իրավիճակը շտկել կարելի է միայն հասարակական քննարկումների միջոցով: «Հասարակությանը պետք է արտահայտվելու հանարավորություն տալ, դրա համար էլ երբ խլացվում է նրա ձայնը, նա ագրեսիվ է դառնում»,- ընդգծել է Նաիրա Մելքումյանը: