9 հուլիսի 2009 - 14:18 AMT
Քինգ Բանայան. Հայաստանը բավական արագ դուրս կգա ճգնաժամից
Հայաստանը բավական արագ դուրս կգա ճգնաժամից, ասել է այսօր ԱՄՆ Սբ.Կլավդիոսի պետական համալսարանի դեկան, AIPIRG-ի անդամ Քինգ Բանայանը Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա` էմպիրիկ փորձ» խորագրով քննարկմանը: Ք.Բանայանը կիսել է ՌԴ կառավարությանը կից Ժողովրդական տնտեսության ակադեմիայի ռեկտորի խորհրդական Լեւ Ֆրեյնքմանի այն տեսակետը, թե Հայաստանը բավական արագ դուրս կգա ճգնաժամից:

Համեմատություն անցկացնելով ասիական երկրների հետ` Բանայանը նշել է, որ ռեցեսիան Հայաստանում տարբերվում է, քանի որ հայկական տնտեսությունն իր կառուցվածքով տարբեր է այդ երկրների կառուցվածքից: Ներկայացնելով Ինդոնեզիայի փորձը, որի տնտեսությունը եւս շատ է տուժել մեծ անկումից շինարարության ոլորտում, Բանայանը նշել է, որ այդ պետությունը շատ ավելի է տուժել ֆինանսական համակարգից, քան Հայաստանը, քանի որ դրամավարկային քաղաքականությունն այդ երկրում անարդյունավետ է եղել: «Նրանք շատ ուշացրին ազգային արժույթի սղաճը»,-ասել է նա: Այս առնչությամբ նա հավելել է, որ այս համատեքստում Հայաստանը պետք է այլ մոտեցումներ կիրառի անկման հաղթահարման համար:

Բանայանը հետեւյալ ուղղություններն է առանձնացրել, որոնք կօգնեն Հայաստանին դուրս գալ ճգնաժամից եւ հետագայում եւս արտաքին շոկերի դեպքում մեղմացնել դրանց ազդեցությունն իր տնտեսության վրա: «Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է ավելացնի առեւտուրը որքան հնարավոր է մեծ թվով պետությունների հետ»,-ասել է նա: Ըստ նրա, չնայած նրան, որ աշխարհագրական տեսակետից երկիրն անբարենպաստ վիճակում է, այնուամենայնիվ, պետք է ուղիներ գտնել առեւտրի ծավալներն ավելացնելու համար: Հաջորդ ասպեկտը` օգնությունն է այն ընտանիքներին, որոնք մյուսներից շատ են տուժել դրամական փոխանցումների կրճատումից: «Նման քաղաքականությունը կարճաժամկետ առումով կնպաստի ճգնաժամի արագ հաղթահարմանը»,-հավելել է նա:

Երեւանում հունիսի 7-9 անցնում է «Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա` կարճաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որի կազմակերպիչն է Միջազգային տնտեսական հետազոտությունների հայկական խումբը (AIPRG):