9 հուլիսի 2009 - 18:39 AMT
Հայաստանի նախարարությունների աշխատանքը պետք է չափելի լինի
Երեք տարվա ընթացքում Հայաստանի նախարարություններում կներդրվի կառավարման արդյունավետ համակարգ: «Երեկ մենք ավարտեցինք մեր նախարարությունների եւ գերատեսչությունների առաջին կիսամյակի կատարողականների քննարկումը։ Սա նոր գործառույթ է, որ մենք ներդրել ենք, եւ այն ունենալու է շարունակություն»,-ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ելույթ ունենալով հինգշաբթի օրը կառավարության նիստում: «Մենք մեծ հույսեր ենք կապում կառավարության ընդունած այս նոր մեթոդաբանության հետ։ Ես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ հանրապետության նախագահի նախընտրական ծրագրում առանցքային տեղ է զբաղեցնում կառավարման համակարգի կատարելագործումը, որպեսզի մեր նախարարությունների աշխատանքը լինի չափելի, նպատակները լինեն հստակ, ձեւակերպումները` հասկանալի, եւ ըստ այդ նպատակների կարողանանք գնահատել, թե որ նախարարությունը ինչպես է կատարում իր առջեւ դրված խնդիրները։ Մենք առաջին վեց ամսվա ընթացքում փորձնական կիրառեցինք այս մեթոդաբանությունը, եւ ես պետք է արձանագրեմ, որ բոլոր նախարարությունները բավականին բարձր գնահատեցին այս աշխատանքի անհրաժեշտությունը։ Համոզված ենք, որ երկրորդ կիսամյակում այս մեթոդաբանությունն ավելի լիակատար կկիրառվի բոլոր նախարարությունների կողմից։ Խնդրի կարեւորությունն այն է, որ ապագայում բյուջեի պլանավորումը ըստ նախարարությունների հիմնված է լինելու այս մեթոդաբանության վրա, որովհետեւ այն ներառում է նպատակային խնդիրների, արդյունքների հստակ ձեւակերպումը եւ գնահատման չափանիշները։ Այս աշխատանքը իջեցվում է մինչեւ կոնկրետ աշխատատեղ, եւ նախարարները հնարավորություն են ունենում օբյեկտիվ սանդղակով գնահատելու, թե ինչպես են աշխատել վարչությունները։ Մյուս կողմից այս համակարգի վրա ենք մենք հիմնում նաեւ աշխատավարձի եւ աշխատողների պարգեւատրման հայեցակարգերը»,-ասել է վարչապետը։

«Հետագայում այս գործառույթը ընդլայնվելու է եւ մենք հստակեցնելու ենք նախարարությունների ֆունկցիաները, որովհետեւ ակնհայտ է, որ այսօր ըստ նախարարությունների մենք ունենք դիսպոզիցիաների բազմազանություն եւ անհրաժեշտություն կա հստակեցնելու նախարարությունների, նախարարների ֆունկցիաները, նրանց պատասխանատվությունը, աշխատակազմի ղեկավարի, վարչության ղեկավարների պատասխանատվության ոլորտները, որպեսզի իմանանք, թե ով ինչի համար է պատասխանատու։ Եվ եթե մենք ինչ-որ խնդիր, բացթողում ունենանք, ապա հստակ կլինի, թե ով է դրա պատասխանատուն։ Այս աշխատանքը մեզանից կպահանջի առնվազն երեք տարի։ Մենք անխուսափելիորեն անդրադառնալու ենք նախարարությունների հիմնական եւ ածանցյալ բիզնես-պրոցեսների նկարագրությանը։ Առանց դրա հնարավոր չէ արդյունավետ կառավարման համակարգ կառուցել։ Իհարկե, սա բավականին ծանր, աշխատատար գործ է եւ մենք պետք է հետեւողական լինենք այս աշխատանքում։ Քաղաքացիական ծառայության ինստիտուտի ամրապնդման առումով սա անգնահատելի գործառույթ է, առանց որի ուղղակի հնարավոր չէ կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնել։ Եվ չափազանց կարեւոր է, որ այս ծրագրի հիմնական թիրախները հանրապետության նախագահի նախընտրական ծրագրում հստակ ձեւակերպված են եւ մենք պետք է կարողանանք մոտակա երեք տարիներին համակարգն ամբողջությամբ ներդնել Հայաստանում։ Կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման առումով ուրիշ ճանապարհ մենք չունենք։ Ըստ էության, այս բոլոր հարաբերությունները ինստիտուցիոնալացնում ենք, եւ սուբյեկտիվիզմն այս առումով կհասցվի նվազագույնի, քաղծառայողներն էլ կիմանան, որ իրենց աշխատանքը օբյեկտիվ է գնահատվելու»,-աել է Սարգսյանը: