10 հուլիսի 2009 - 13:38 AMT
Հայաստանն արդեն զիջումներ կատարել է Թուրքիային
Թուրքիան ցանկանում է Հայաստանը տեսնել որպես թույլ, տնտեսապես չզարգացած երկիրը, որն իրենից կախված կլինի: Վերջին 20 տարիների ընթացքում Անկարան շարունակում է նախապայմաններ ներկայացնել Երեւանին, սակայն դրանք տարբեր մեթոդներով է անում: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Ստեփանակերտից, այդ մասին ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերին նվիրված համահայկական խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Ի՞նչ կստանա Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից: Հայաստանը կարող է տարածաշրջանում ինքնուրույն քաղաքականություն վարել, նա որոշակի տնտեսական հնարավորություններ եւ Ադրբեջանի հանդեպ քաղաքական գերազանցություն կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում», - ընդգծել է Մանոյանը: Նրա խոսքերով, Հայաստանն արդեն զիջումներ կատարել է Թուրքիային, հայտարարելով, որ պատրաստ է կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների: «Մենք պետք է Անկարային ասեինք, որ եթե Թուրքիան չճանաչի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը եւ չդադարեցնի Հայաստանի շրջափակումը, մենք չենք դիմի երկխոսության», - ասել է Հայ Դատի գրասենյակի ղեկավարը:

Ինչպես նշել է Կիրո Մանոյանը, Թուրքիայի հետ բանակցություններում Երեւանը չպետք է զոհի ազգի միասնականությունը: «Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի հանուն ժամանակավոր շահերի ու նվաճումների զոհաբերվեն ազգային արժեքները, որոնց վերականգնումը մեծ ջանքեր կպահանջի»: