10 հուլիսի 2009 - 20:50 AMT
Իշխանությունների գործողությունները հակասում են ԵԽԽՎ բանաձեւի կետերից մեկին
Իշխանությունների գործողությունները հակասում են ԵԽԽՎ բանաձեւի կետերից մեկին: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է օմբուդսմեն Արմեն Հարությունյանը: Նրա խոսքերով, ԵԽԽՎ-ն առաջարկում է ՀՀ իշխանություններին ձեռնպահ մնալ այն անձանց ձերբակալությունից, որոնք կամավոր կհանձնվեն իշխանություններին մինչեւ հուլիսի 31-ը, ինչն էլ արել է հետախուզման մեջ գտնվող «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Սակայն նա ձերբակալվեց:

Ա.Հարությունյանը հայտարարել է, որ կողմ է «համաներման մարտի 1-ի գործով անցնող բոլոր անձանց համար»` հավելելով, որ համաներումը պետք է տարածվի նաեւ ԱԺ պատգամովր Խաչատուր Սուքիասյանի վրա: Մեկնաբանելով այն պատճառները, թե ինչու համաներումը չտարածվեց պատգամավոր Սասուն Միքայելյանի վրա, օմբուդսմենը պարզաբանել է, որ համաներումը չի տարածվում զենքի պահման համար դատապարտվածների վրա:

Հարությունյանը նշել է, որ ԵԽԽՎ բանաձեւում ընդգրկվել են բոլոր նախորդ բանաձեւերը եւ Հայաստանը մնում է դիտարկման տակ: Նա հավելել է, որ բանաձեւի կարեւոր դրությներից մեկը «ոստիկանների միակողմանի ցուցմունքների անընդունելիությունն է, եթե չկան այլ լրացուցիչ ապացույցներ»: