10 հուլիսի 2009 - 22:46 AMT
ՌԴ նախագահը լավատեսորեն է տրամադրված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների առումով
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով ես լավ ակնկալիքներ ունեմ: Սա, գուցե, այն հակամարտություններից մեկն է, որի հանգուցալուծումը բավական առաջ է գնացել»,-ասել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը G8 գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում:

Ըստ Մեդվեդեւի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները երկխոսություն են վարում եւ կարգավորման ենթակա մանրամասների քանակը նվազում է: «Ըստ իս, դրանք լուծելի խնդիրներ են: Դրանք այն հարցերը չեն, որոնց լուծման համար տասնամյակներ են պահաջվում: Ոսւտի ես գտնում եմ, որ այստեղ կարելի է արդյունքի հասնել»,-ասել է ՌԴ նախագահը:

Նա նաեւ նշել է, որ ՌԴ-ն ԵԱՀԿ ՄԽ իր գործընկերների հետ միասին կնպաստի կարգավորման գործընթացին: «Սակայն մենք եւս կգործենք, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն առաջիկայում կժամանեն նախագահական միջոցառումներից մեկին»,-ասել է Մեդվեդեւը:

G8 գագաթնաժողովում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները համատեղ հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որտեղ ընդգծվում է, որ «համաձայնությունը ադրբեջանական ու հայկական ղեկավարության միջեւ պետք է ձեռք բերվի 2007թ. մադրիդյան սկզբունքների վրա»:

Մադրիդյան սկզբունքները ենթադրում են հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի անկախացման իրավական ամրագրում:

Հուլիսի 17-ին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կհանդիպեն Մոսկվայում` ՌԴ նախագահի ավանդական ձիարշավի շրջանակներում: