10 հուլիսի 2009 - 22:59 AMT
Արմեն Ռոնով-Մկրտչյան. Իմ ֆիլմերը Հայաստանում չեն ցուցադրվել, սակայն այստեղ են նկարահանվել
Հայ ռեժիսոր Արմեն Ռոնով-Մկրտչյանի «Աննան եւ Կարենինը» ֆիլմը մեդալի է արժանացել Սնաքտ-Պետերբուրգի ամենամյա միջազգային «Ուղերձ մարդուն» կինոփառատոնում նորարարության ու համաշխարհային կինոյին նոր ձեւաչափ հաղորդելու համար:

Ֆիլմի գլխավոր դերակատարը հայտնի դերասան Վլադիմիր Մսրյանն է:

«Ես միշտ ուրախ եմ նորարարական գաղափարներին, եւ պատրաստ եմ մասնակցել դրանց իրագործմանը, թեեւ մեր հասարակությունը միշտ դժվարությամբ է իր աշխարհ թողնում անսովոր գաղափարներն ու նրանց հեղինակներին»,-ասել է Մսրյանը մամլո ասուլիսում:

«Աննան եւ Կարենինը» ֆիլմից հետո Ռոնով-Մկրտչյանը նկարահանել է «Բանաստեղծություններ. Հատընտիր» ֆիլմը Արմեն Աբովյանի բանաստեղծությունների հիման վրա եւ այժմ աշխատում է «Ձմեռային խնձոր» ֆիլմի վրա:

«Ձմեռային խնձոր» ֆիլմը առաջին անիմացիոն վիրտուալ կինոն է, որ նկարահնվում է Հայաստանում նորագույն անիմացիոն տեխնոլոգիայով:

«Իմ ֆիլմերում չկան պարտադրված կլիշեներ, բռնության պատկերներ, կրիմինալ, եւ նրանք բարություն եւ սեր են հաղորդում»,-ասել է ռեժիսորը, որի ֆիլմերը Հայաստանում չեն ցուցադրվել, սակայն այստեղ են նկարահանվել, ինչը Ռոնովը համարում է իր ստեղծագործական գործունեության կարեւորագույն ասպեկտը: