13 հուլիսի 2009 - 16:11 AMT
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը չեն կարող Հայաստանին եւ Ադրբեջանին պարտադրել հաշտության պայմանագիր ստորագրել
«Հայաստանն ու Ադրբեջանն անկախ երկրներ են, այլ ոչ Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի նահանգները, որպեսզի Մոսկվան կամ Վաշինգտոնը կարողանան նրանց հարկադրել հաշտության պայմանագիր ստորագրել: Հակամարտության կողմերն իրենք պետք է պայմանավորվածություն ձեռքբերեն, իսկ միջնորդները կարող են միայն օգնել նրանց այդ հարցում», - հայտարարել է Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների պրոֆեսոր Իրինա Զվյագելսկայան:

Նրա խոսքերով, շատ լավ է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Եվրոպան մեկ միասնական դիրքորոշում ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, սակայն կարեւոր է, որպեսզի հակամարտող կողմերն իրենք համաձայնության գան:

«Նախագահները սովորաբար պայմանավորվածություն են ձեռք բերում հանդիպելիս, սակայն տուն վերադառնալուն պես սկսում են միմյանց մեղադրել բանակցությունները ձախողելու մեջ», - հայտարարել է Զվյագելսկայան: Նրա խոսքերով, նախագահներն իրենց երկրում բախվում են տեղի ազգայնականների դժգոհության հզոր ալիքին, որոնք չեն ընդունում հաշտության համաձայնագրի գաղափարը: Ուստի պետությունների ղեկավարները հարկադրված են լինում հաշվի առնելու նաեւ նրանց կարծիքը: Այդ իրավիճակի շտկման համար հարկավոր են շփումներ երկու երկրի քաղաքացիական հասարակությունների, քաղաքական կուսակցությունների եւ միավորումների միջեւ` կողմերի դիրքորոշումներն ինչ-որ չափով մերձեցնելու համար:

Զվյագելսկայան նաեւ նշել է, որ հարկավոր է բանակցություններում ընդգրկել նաեւ Լեռնային Ղարաբաղը: «Անմիջականորեն Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդիկ պետք է մասնակից լինեն բանակցություններին եւ տեղեկանան իրենց երկրի ապագա ճակատագրի մասին», - նշել է նա, հաղորդում է 1news.az -ը: