28 հունիսի 2003 - 19:36 AMT
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԱՅԼԵՎՍ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Ոչ ես, ոչ Եվրախորհուրդը այլեւս համբերություն չունենք սպասելու Ադրբեջանում բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակմանը: Այդ մասին, «Թուրան» գործակալությանը հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը: Նրա խոսքերով, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, ԵԽԽՎ-ում քաղբանտարկյալների վերաբերյալ Ժորժ Քլերֆայթի զեկույցի շուրջ քվեարկության հետաձգումը մինչեւ սեպտեմբեր Բաքվի համար այդ խնդիրը լուծելու վերջին հնարավորությունն է: «Ավելի լավ կլինի, եթե Ադրբեջանի իշխանություններն այդ խնդիրը լուծեն մինչեւ ԵԽԽՎ մարդու իրավունքների կոմիտեի հաջորդ նիստը: Եթե դա տեղի չունենա, Կոմիտեն համապատասխան եզրահանգումներ կանի», - ասել է Վ. Շվիմերը: Նա նաեւ հայտարարել է, որ կարող է Ադրբեջան այցելել միայն այն ժամանակ, երբ երկրում ոչ մի քաղբանտարկյալ չլինի: Վալտեր Շվիմերի դժգոհությունն է հարուցել այն փաստը, որ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են քննարկել քաղբանտարկյալների գործերը` ամեն կերպ ձգձգելով այդ հարցի լուծումը: Ազատ է արձակվել ընդամենը 22 քաղբանտարկյալ, մնում են եւս շուրջ 170-ը, որոնցից 60-ի գործերը Ադրբեջանի իշխանությունները պետք է ուղարկեն Եվրախորհուրդ ուսումնասիրության համար: