14 հուլիսի 2009 - 12:08 AMT
«Արմավիան» բացել է Երեւան-Բաթում-Երեւան նոր չվերթը
2009թ. հուլիսի 12-ից «Արմավիան» բացել է Երեւան-Բաթում-Երեւան նոր չվերթը, ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած հաղորդագրության մեջ:

Ըստ ընկերության նախագահ Միխաիլ Բաղդասարովի, չվերթը պահանջարկ կունենա ամառային ամիսներին եւ հարմար է հանգստացողների համար: «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այսօրվա դրությամբ արձակուրդն Աջարիայում անցկացնելը եւ հարմար է, եւ շահավետ, նույնիսկ հարգի, իսկ այժմ, երբ այնտեղ են թռչում «Արմավիայի» հարմարավետ ինքնաթիռները, առավել հարմարավետ է լինելու»,-ասել է նա:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Բաթումում ուրախ էին «Արմավիայի» նորույթին, քանի որ այսօր Աջարիայում առաջին հերթին սպասում են Հայաստանից ժամանող զբոսաշրջիկներին:

Աջարիայի փոխվարչապետ Լեւան Անթաձեի խոսքերով, Աջարիայում մեծ ուշադրություն են հատկացնում եւ ջերմությամբ են վերաբերվում հայաստանցի հանգստացողներին, ուստի Երեւան-Բաթում-Երեւան նոր չվերթն ուղղակի անհրաժեշտ էր այս ամառ:

Չվերթը կկատարվի շաբաթը մեկ անգամ, կիրակի օրերը, թռիչքի տեւողությունը 40 րոպե է: