14 հուլիսի 2009 - 20:48 AMT
Մադրիդյան սկզբունքները դրական ազդանշաններ են տալիս Բաքվին
Մադրիդյան սկզբունքները տեսականորեն հայկական կողմին դրական տարրեր են տալիս, սակայն, գործնականում, բոլոր դրական ազդանշաններն ուղղորդված են հիմնականում Ադրբեջանին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: «Մարդիկ, ովքեր շատ են խոսում այն մասին, որ խաղաղություն են ցանկանում տարածաշրջանում, Հայաստանին եւ Ադրբեջանին հրահրում են պատերազմ սկսելուն», - նշել է Երվանդ Բոզոյանը` ընդգծելով բանակցային գործընթացի տեմպերի արհեստական արագացման վտանգը:

Քաղաքագետի խոսքերով, կողմերը պետք է հստակ պատկերացնեն ստեղծված իրավիճակը, իսկ վերջինս այնպիսին է, որ կողմերն այսօր պատրաստ չեն հակամարտության կարգավորմանը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մեզ համար ոչ միայն Ղարաբաղի հարցն է: Դա նաեւ Հայաստանի անվտանգության խնդիրն է: Պատերազմի բացակայությունը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության քաղաքական կամքի դրսեւորման արդյունք չէ: Գոյություն ունի կողմերի միջեւ ուժերի հավասարակշռություն, եթե այն խախտվի, ապա պատերազմն անխուսափելի կլինի», - հայտարարել է Երվանդ Բոզոյանը: