14 հուլիսի 2009 - 20:59 AMT
Ստատուս-կվոն Ղարաբաղի հարցում առայժմ գործում է հօգուտ Հայաստանի
Աշխարհի գերտերությունները կարող են Երեւանին եւ Բաքվին իրենց կամքը պարտադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ադրբեջանը նավթ ունի, եւ վերջին ժամանակներս վերջինիս կշիռը տարածաշրջանում մեծանում է: Հենց այդ պատճառով գերտերությունները շարունակում են «սիրախաղերը» Բաքվի հետ` Nabucco-ի իրականացման համար: Այդ մասին քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Սուրեն Զոլյանը: Երվանդ Բոզոյանը, իր հերթին ընդգծել է, որ Nabucco-ն լոկ PR-քարոզչություն է:
«Nabucco-ն գազատար է առանց գազի: Ադրբեջանական գազի ծավալները բավարար չեն այդ նախագծի իրականացման համար, իրանական գազի ներգրավումն ինձ քիչ հավանական է թվում», - հայտարարել է Բոզոյանը: Նրա խոսքերով, տարածաշրջանում Բաքվի կշիռը բացարձակ չի ավելացել, պարզապես բանակցություններում գործում է հետեւյալ սխեման: «Գերտերությունները գիտեն, ում վրա եւ ինչպես ճնշում գործադրել արդյունքի հասնելու համար: Ստատուս-կվոն Ղարաբաղի հարցում առայժմ գործում է հօգուտ Հայաստանի»,- եզրակացրել է Երվանդ Բոզոյանը: