14 հուլիսի 2009 - 21:06 AMT
Լեռնային Ղարաբաղը մադրիդյան սկզբունքներում դե-ֆակտո ամրագրվել է որպես անկախ պետություն
Լեռնային Ղարաբաղը մադրիդյան սկզբունքներում դե-ֆակտո ամրագրվել է որպես անկախ պետություն: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: «Սկզբունքներում նշվում է, որ ԼՂՀ-ն անկախ միավոր է եւ պետք է ունենա անկախ երկրի, պետության կարգավիճակ», - ընդգծել է Գագիկ Հարությունյանը: Միեւնույն ժամանակ, փորձագետը նշել է, որ սկզբունքներում հիշատակվում է միայն ԼՂՀ կազմում գտնվող տարածքի մասին, եւ չի խոսվում ժամանակին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզին (ԼՂԻՄ) պատկանող եւ այժմ Ադրբեջանի հսկողության տակ գտնվող հողերի մասին: «Բացի դրանից, չեն ներկայացվել փախստականների վերադարձման, հակամարտության գոտում խաղաղարար ուժերի տեղաբաշխման մեխանիզմները», - ընդգծել է Գագիկ Հարությունյանը:

Ինչպես նշել է հայ փորձագետը, պաշտոնական Երեւանը տվյալ պահին բավականին լավ հաշվով շահում է դիվանագիտական խաղը, եւ դրա դրսեւորումն այն է, որ մադրիդյան սկզբունքներում ամրագրվել է ԼՂՀ անկախ կարգավիճակը: