16 հուլիսի 2009 - 17:52 AMT
Հայաստանում հավատարմագրված դեսպանները հայտնել են իրենց ցավակցությունները
Հայաստանում հավատարմագրված դեսպաններն այցելել են ՀՀ ԱԳՆ, հայտնելու համար իրենց ցավակցությունները Թեհրան-Երեւան չվերթը կատարող ինքնաթիռի վթարից զոհվածների ընտանիքներին:

ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղաիանն իր ցավակցությունն է հայտնել զոհված հայերի ու պարսիկների ընտանիքներին: Ցավակցություն հայտնելով Իրանի ձյուդոյի պատանեկան հավաքականի անդամների ընտանիքներին, նա հավելել է. «Ես երախտապարտ եմ ՀՀ իշխանություններին, հատկապես Սերժ Սարգսյանին Իրանի ժողովրդին իր աջակցության համար»: Սաղաիանը նաեւ հայտնել է, որ հուլիսի 17-ին ՀՀ-ում Իրանի դեսպանատանը կբացվի ցավակցությունների մատյան, որտեղ ցանկացողները կարող են թողնել իրենց գրառումները:

Ցավակցությունների մատյանում իրենց գրառումներն են թողել ՀՀ-ում Իրանի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լիբանանի, Ղազախստանի դեսպանները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի հայկական գրասենյակի ղեկավար Կոնսուելո Վիդալը:

Հուլիսի 15-ին Caspian Airlines ավիաընկերության Թեհրան-Երեւան չվերթը կատարող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Իրանի Կազվին քաղաքի մերձակայքում: Բոլոր 153 ուղեւորներն ու անձնակազմի 15 անդամները զոհվել են: Հուլիսի 16-ը սգո օր է հայտարարվել Հայաստանում: