16 հուլիսի 2009 - 18:59 AMT
Որքանո՞վ են ԱՄՆ-ն, ԵՄ-ն ու Ռուսաստանը պատրաստ համերաշխորեն հանդես գալ դատավորի դերում
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանալին ոչ միայն Երեւանում է ու Բաքվում, այլ նաեւ այն երկրներում, որոնք որպես միջնորդ են հանդես գալիս այս հարցում: Այդ մասին «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը Մոսկվայում: Արդյո՞ք հնարավոր է առաջընթաց բանակցություններում» թեմայով Երեւան-Մոսկվա հեռուստակամրջի ընթացքում հայտարարել է ՄՊՀ-ին կից հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը:

«Շահերի համընկնումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ինչ-որ մակադակում այն հիմքն է, որ թույլ է տալիս խոսքից անցնել գործի: Այսօր իրական հնարավորություն կա բեկման համար»,-նշել է ռուս քաղաքագետը: Ընդ որում նա հավելել է, որ երկու առանցքային հարց կա ղարաբաղյան հակամարտության օրակարգում: Առաջինը` որքանով են ԱՄՆ-ն, ԵՄ-ն ու Ռուսաստանը պատրաստ համերաշխորեն հանդես գալ մրցավարի դերում եւ երկակի չափանիշներ չկիրառել կողմերի հանդեպ եւ երկրորդը` որքանով են Հայաստանի ու Ադրբեջանի հանրությունները պատրաստ փոխզիջումների եւ որտեղ է զիջումների սահմանը երկու կողմերի համար:

«Այժմ ՌԴ-ն պետք է ցույց տա, որ արդյունավետ մոդերատոր է ղարաբաղյան հակամարտության հարցում, մի մոդերատոր, որը կարող է դրդել կողմերին երկխոսության, որպեսզի առաջիկա տարում վերջակետ դրվի ձգձգված ղարաբաղյան հակամարտությանը»,-հայտարարել է Ալեքսեյ Վլասովը: