16 հուլիսի 2009 - 19:08 AMT
Ղարաբաղյան հակամարտության լուծման համար մանրակրկիտ աշխատանքի տարիներ կպահանջվեն
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքների հրապարակումը թեժացրեց հետաքրքրությունը Մոսկվայում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հանդեպ: Այդ մասին «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը Մոսկվայում: Արդյո՞ք հնարավոր է առաջընթաց բանակցություններում» թեմայով Երեւան-Մոսկվա հեռուստակամրջի ընթացքում հայտարարել է ՀՀԿ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը:

«Ս.Սարգսյանի ու Ի.Ալիեւի հանդիպումից ակնկալիքները մեծ են, քանի որ ղարաբաղյան հակամարտության թեման կապված է մեծ զգացմունքների ու հույզերի հետ: Այդ ակնկալիքները մեծանում են, երբ մենք հերթական բանակցությունների շեմին լսում ենք «բաց պատուհանի» կամ «ոսկե հնարավորության» մասին»»-ասել է պատգամավորը:

Ըստ Նաղդալյանի, պետք է գիտակցել որ ղարաբաղյան խնդիրն այնքան խորն է ու խճճված, որ նրա լուծման համար մանրակրկիտ աշխատանքի տարիներ կպահանջվեն: «Մինչ այժմ Բաքուն հստակ պատասխան չի տվել հրապարակված մադրիդյան սկզբունքների վերաբերյալ: Փոխարենը մենք լսում ենք ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարությունները»,-ասել է Նաղդալյանը` հավելելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների յուրաքանչյուր հանդիպում մոտեցնում է կողմերին հակամարտության խաղաղ լուծման: