16 հուլիսի 2009 - 20:56 AMT
Մեկնարկել է «Համագործակցության աստղեր» մրցանակի հավակնորդների առաջադրման գործընթացը
ԱՊՀ մասնակից երկրների Հումանիտար համագործակցության խորհուրդը եւ ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը հայտարարել են գիտության ու կրթության, մշակույթի ու արվեստի, հումանիտար գործունեության ոլորտներում 2009թ. «Համագործակցության աստղեր» մրցանակի հավակնորդների առաջադրման գործընթացի մեկնարկի մասին:
Ինչպես ասվում է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո հաղորդագրության մեջ, մրցանակները դրամական պարգեւներ են, դիպլոմներ, դափնեկրի պատվավոր նշաններ եւ հավաստագրեր: Յուրաքանչյուր անվանակարգում հանձնվում է երեք մրցանակ` յուրաքանչյուրը 2 մլն ռուբլի:
Յուրաքանչյուր պետությունից կարող է երեք թեկնածու առաջադրվել` մեկական հավակնորդ յուրաքանչյուր անվանակարգի համար: Եթե կոլեկտիվ է առաջադրվում, ապա այն պետք է ներառի միայն հիմնական հեղինակներին եւ չպետք է գերազանցի 3 անձը:
Դափնեկիրների անունները կհրապարակվեն ԶԼՄ-ներում 2009թ. դեկտեմբերին: Պարգեւատրման արարողությունը տեղի կունենա մինչեւ 2010թ. ապրիլը: