16 հուլիսի 2009 - 22:37 AMT
Էդվարդ Նալբանդյան. ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացին անհրաժեշտություն է
Հուլիսի 16-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստեփանակերտում հանդիպում ունեցավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ : Նախագահ Սահակյանն ու նախարար Նալբանդյանը քննարկեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ, որի ընթացքում պատասխանեց հետեւյալ հարցերին:

ԱԳ նախարարն ասել է, որ «մենք գնահատում ենք Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների ցանկությունը եւ հետեւողական ջանքերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներ աջակցելու կողմերին` մոտեցնելու դիրքորոշումները եւ ընթանալու հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Ինչ վերաբերվում է ԵԱՀԿ-ի եւ Մինսկի խմբի համանախագահ երկրների պաշտոնական կայքէջերում տեղակայված Մադրիդյան փաստաթղթի որոշակի մանրամասներին, դրանք առաջարկներ են բանակցությունների համար, որոշ դրույթների շուրջ ընթանում են բանակցություններ, որոշները չեն քննարկվում»:

Նալբանդյանը շեշտել է այն հանագամանքը, որ այստեղ կան այն երեք սկզբունքները, որոնք Հայաստանը բազմիցս հայտարարել էր` որպես հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներ: Դրանք են. Ղարաբաղի իրավական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ, որը պետք է ունենա պարտադիր իրավական ուժ, անխափան ցամաքային կապ Հայաստանի եւ Արցախի միջեւ, անվտանգության միջազգային երաշխիքներ: Եվ հիշեցնեմ, որ եթե Ադրբեջանը մինչեւ այսօր շարունակում է խոսել միայն տարածքային ամբողջականության մասին, իսկ Հայաստանը բազմիցս արտահայտվել է հարցի կարգավորման վերաբերյալ հիմնված երեք սկզբունքների` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների վրա, ապա հրապարակված մանրամասները հավաստում են այն, ինչի մասին ասում էր եւ ասում է Հայաստանը:

Անդրադառնալով փախստականների խնդրին` Նալբանդյանն ասել է, որ փախստականների` Ղարաբաղ վերադարձի վերաբերյալ որեւիցե քննարկում չի ընթանում: Այդ հարցին կարելի է անդրադառնալ միայն ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումից հետո, ավելի լայն կոնտեքստում` նկատի ունենալով նաեւ մոտ 400.000 հայ փախստականների հարցը:

ԼՂՀ եւ ՀՀ իշխանությունների միջեւ տարաձայնությունների մասին լրագրողի հարցին, նախարարը պատասխանել է, որ Հայաստանը Ղարաբաղի լիակատար մասնակցությունը բանակցություններին համարում է անհրաժեշտություն եւ խաղաղ գործընթացի արդյունավետության երաշխիք: Բնական է, որ Ղարաբաղը որոշ հարցերում, կարող է այլ մոտեցումներ ունենալ, բայց կցանկանայի ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարծիքը մեզ համար մեծ եւ կարեւոր նշանակություն ունի, եւ Հայաստանը ոչ միայն չի կարող անտեսել այն, այլեւ չի կարող գնալ որեւիցե համաձայնության առանց Արցախի ժողովրդի եւ ղեկավարության հավանության, եւ այսօր իմ այստեղ գտնվելը դրա եւս մեկ ապացույցն է: