17 հուլիսի 2009 - 12:51 AMT
Մարգանցում իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է
Ուկրաինայում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը հուլիսի 13-ից 14-ն այցելել էր Դնեպրոպետրովյան մարզ, մասնավորպես, Մարգանեց քաղաք` վերջինում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ: Դնեպետրովյան մարզում դեսպանը հանդիպումներ է ունեցել մարզի եւ քաղաքի ղեկավարության, ինչպես նաեւ իրավապահ մարմինների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվել են Մարգանեցում աղմուկ հանած իրադարձություններին վերաբերող հարցեր: Այդ մասին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությունում հաղորդել են Analitika.at.ua տեղեկատվական-վերլուծական կենտրոնի եւ PanARMENIAN.Net-ի թղթակիցներին:
Արմեն Խաչատրյանի խոսքերով, տեղի իշխանությունները վստահեցրել են, որ տվյալ պահին իրավիճակը կարգավորվել է եւ գտնվում է ուժային կառույցների վերահսկողության տակ, նաեւ նշել են որ միջադեպը իրենից ներկայացնում է խուլիգանություն: Մարզի ղեկավարները նշել են, որ հայկական համայնքն օրինակելի է եւ արժանի է թե' իշխանությունների, թե' հասարակության համակրանքին ու վստահությանը: Արմեն Խաչատրյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել մարզի եւ Մարգանեց քաղաքի ղեկավարությանն իրադրության կայունացման ուղղությամբ ձեռնարկված միջոցների համար: Հայ դեսպանն ափսոսանք է հայտնել, որ որոշ ուժեր փորձում էին էթնիկ բնույթ հաղորդել միջադեպին, որը բացառապես միայն խուլիգանական եւ կենցաղային է: Այցի շրջանակներում դեսպանը նաեւ հանդիպել է Մարգանեցի հայկական համայնքի հետ:
Հունիսի 28-ին Մարգանեց քաղաքի սրճարաններից մեկում ծեծկռտուք է սկսել տեղի բնակիչների երկու խմբավորումների միջեւ, որոնց կազմում եղել են ծագումով հայ Ուկրաինայի քաղաքացիներ: Սրտին հասցված դանակի հարվածից մահացել է 22-ամյա ոստիկանը, որը փորձում էր դադարեցնել կռիվը: Պարեկապահակային ծառայության սերժանտը քաղաքացիական հագուստով էր: Հայկական համայքնի փաստաբան Ալլա Առաքելովայի խոսքերով, այդ ծեծկռտուքից հետո քաղաքում զանգվածային անկարգություններ են սկսել, ոչնչացվել է ավել քան 15 ավտոմեքենա: