17 հուլիսի 2009 - 21:00 AMT
Հայաստանի իշխանությունները պատրաստ չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը
Նման թույլ իշխանությունները, ինչպիսիք են Հայաստանի իշխանությունները, կարող են տեղի տալ ներքին ճնշմանն ու չմտածված քայլեր ձեռնարկել, որոնք կարող են խանգարել հակամարտության կարգավորմանը: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նա նշել է, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հստակ պնդում էր իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում, ինչը չի կարելի ասել ներկայիս նախագահ Ս.Սարգսյանի հետ, որը մեկ էլ նշում է մադրիդյան սկզբունքների դրական կողմերը, հաջորդ օրն ընդունում է Կիպրոսի նախագահին ու հայտարարում է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում Հայաստանի համար կարեւորը ԼՂՀ կարգավիճակն է: «ՀՀ նախագահի հայտարարություններում հակասություն կա»,-ասել է Սուրենյանցը:
Նրա խոսքերով, Հայաստանի իշխանությունները պատրաստ չեն ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, այնպես էլ նրան, ինչ կարող է հաջորդել: «Իշխանությունները, որոնք բաց սահմանների քաղաքականություն են վարում, չպետք է բարիկադներ կառուցեն երկրի ներսում»,-հայտարարել է Սուրեն Սուրենյանցը: