20 հուլիսի 2009 - 17:06 AMT
Վրաստանը չի անդամակցի ՆԱՏՕ-ին
ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի հույսերը կարելի է թաղված համարել: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին: Ըստ նրա, ՆԱՏՕ-ին անդամակցելու, ինչպես նաեւ Աբխազիան եւ Հարավային Օսեթիան վերադարձնելու ծրագրերն անիրականանալի են մոտ ապագայում:
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, այդ թեմաները նախագահը մտադիր է քննարկել հուլիսի 20-ին խորհրդարանում իր ելույթի ժամանակ: Բանավեճին կմասնակցեն նաեւ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները:
Անդամակցությունը ՆԱՏՕ-ին, ինչպես նաեւ վերահսկողության վերականգնումը Աբխազիայում ու Հարավային Օսեթիայում Սահակաշվիլին իր գլխավոր խնդիրներն էր համարում նախագահի պաշըոնում:
Այն հարցը, թե կանդամակցի արդյոք հանրապետությունը ՆԱՏՕ-ին, պետք է որոշվեր, մասնավորապես, 2008թ. ապրիլին, դաշինքի գագաթնաժողովում: Սակայն ոչ Վրաստանը, ոչ Ուկրաինան, որը եւս նման հավակնություններ ուներ, չստացան ցանկալին: Որոշվեց միայն, որ այդ երկու երկիրն այնուամենայնիվ կմիանան ՆԱՏՕ-ին, սակայն կոնկրետ ժամկետ չնշվեց: