21 հուլիսի 2009 - 12:19 AMT
Հայաստանը շարունակում է քաղաքական գիծը դեպի եվրոինտեգրում
Հայաստանը շարունակում է եվրոպական ընտանիքի հետ մերձեցման արտաքին քաղաքական գիծը եւ մտադիր է այդ ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկել: Այդ մասին ԵՄ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտի հետ համատեղ Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Հայաստան-ԵՄ համագործակցությունը բազմակողմ եւ բազմաբնույթ է: Մենք համագործակցում ենք տարբեր ոլորտներում, մասնավորապես, Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում: Հայաստանի եւ ԵՄ միջեւ գործում է քաղաքական երկխոսության անցկացման մշտական մեխանիզմ», - ընդգծել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նա ավելացրել է, որ պաշտոնական Երեւանը շնորհակալ է ԵՄ-ից եւ անդամ առանձին երկրներից Հայաստանի զարգացման գործում աջակցության համար:

Ինչպես նշել է Նալբանդյանը, իր շվեդ գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների մոսկովյան հանդիպման արդյունքները:

Կարլ Բիլդտը, իր հերթին, ընդգծել է, որ ԵՄ եռյակի պատվիրակության այցն առիթ է դարձել «Արեւելյան գործընկերության» նախաձեռնության հարցերի քննարկման համար: Այդ նախաձեռնությունը վկայում է տարածաշրջանում ԵՄ ռազմավարական հետաքրքրության մասին` ամրացնել եւ խորացնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ», - հայտարարել է ԵՄ գործող նախագահը: