21 հուլիսի 2009 - 16:58 AMT
Հայաստանն ու Վենեսուելան կընդլայնեն համագործակցության ոլորտները
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նորանշանակ դեսպան Ուգո Խոսե Գարսիա Էրնանդեսը (նստավայրը` Մոսկվա): Շնորհավորելով դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում դեսպանն իր կարեւոր ներդրումը կբերի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Վենեսուելայի միջեւ տարբեր ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին, անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչող հարցեր: Կարեւորվել է նաեւ միջազգային կառույցների շրջանակում երկկողմ համագործակցության ակտիվացումը:

Նախագահ Սարգսյանը ողջունել է չորս տարի առաջ Վենեսուելայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: