22 հուլիսի 2009 - 10:40 AMT
Արտակ Հովհաննիսյանը, եզրափակչում հաղթելով թուրք ըմբշամարտիկին, նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը
ՀՀ ըմբշամարտի պատնեկան հավաքականը Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության առաջին իսկ օրը նվաճեց մեկ ոսկե եւ երկու բրոնզե մեդալ: Նշենք, որ ՀՀ հավաքականի բոլոր հինգ մարզիկները, որ հանդես եկան առաջին օրը, հանդիպեցին թուրք մարզիկների հետ:

Բարձրագույն տիտղոսը նվաճեց Արտակ Հովհաննիսյանը (42կգ ք/կ), որը հաջորդաբար հաղթելով Ավստրիայի, Բելառուսի ու Մոլդովայի ներկայացուցիչներին, դուրս եկավ եզրափակիչ, որտեղ հաղթեց նաեւ թուրք ըմբշամարտիկ Մուամմար Շանսակին:

Բրոնզե մեդալներ նվաճեցին Վոլոդյա Ֆրանգուլյանը (50կգ ք/կ) եւ Վալտեր Մարգարյանը (58 կգք/կ): Երկուսն էլ հանդիպեցին Թուրքիայի ներկայացուցիչների հետ, սակայն միայն Մարգարյանին հաջողվեց հաղթել: Արդյունքում հայ ըմբշամարտիկները 3-րդ տեղի համար պայքարում գերազանցեցին Լեհաստանի ու Ուկրաինայի ներկայացուցիչներին, նվաճելով բրոնզե մեդալներ:

ՀՀ եւս մեկ ներկայացուցիչ` Դավիթ Ափոյանը (69կգ ք/կ), կիսաեզրափակչում պարտվեց թուրք ըմբշամարտիկին, այնուհետեւ 3-րդ տեղի համար պայքարում զիջեց նաեւ ադրբեջանցուն: Նմանատիպ արդյունք ցույց տվեց նաեւ Վահե Թամրազյանը (85կգք/կ), որը 1/4 եզրափակչում զիջեց Ադրբեջանի ներկայացուցչին, այնուհետեւ հաղթեց թուրք մարզիկին, սակայն վճռական մենամարտում տանուլ տվեց լեհ ըմբշամարտիկին: Արդյունքում երկու մարզիկները գրավեցին 5 տեղը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Ռուբեն Քարամյանը (46կգ ք/կ), Պետրոս Թադեւոսյանը (54 կգ ք/կ), Էմին Գեւորգյանը (63 կգ ք/կ)եւ Էդիկ Մկոյանը (76 կգ ք/կ) հանդես կգան հուլիսի 22-ին: