22 հուլիսի 2009 - 17:27 AMT
Հայաստանը պետք է Ղարաբաղի համար «պարոնի» դեր կատարեր
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին հանձնել Լեռնային Ղարաբաղի 7 շրջանները, սակայն դա հազիվ թե բավարարի Բաքվին: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը: «1994թ, ի վեր Հայաստանի բոլոր իշխանությունները ցանկացել են Ղարաբաղի 7 շրջանները հանձնել Ադրբեջանին: Դա ուղղակի անընդունելի է մեզ համար»,-ասել է Ս.Բաբայանը: Ըստ նրա, այսօր ավելորդ է խոսել փոխադարձ զիջումների մասին, քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ դրան: «Երբ Բաքուն կներկայացնի փոխադարձ զիջումների տարբերակները, որոնց նա պատրաստ կլինի գնալ, այն ժամանակ հնարավոր կլինի խոսել փոխզիջումների մասին»,-ասել է Բաբայանը:
Ինչպես նշել է Ս.Բաբայնը, Հայաստանն ընդհանրապես չպետք է բանակցեր Ադրբեջանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Հայաստանը պետք է Ղարաբաղի համար «պարոնի» դեր կատարեր, ինչպես դա անում է Թուրքիան Ադրբեջանի դեպքում: Հայաստանը հակամարտության անմիջական կողմ չի հանդիսանում, մասնակցելու համար բանակցություններին եւ որոշելու համար Ղարաբաղի ճակատագիրը»,-ասել է Բաբայանը:
Ըստ նրա, հայ-թուրքական հարաբերությունների հաստատումն անմիջականորեն կապված է ղարաբաղյան հակամարտության հետ: «Ղարաբաղի շուրջ գործընթացն ակտիվացավ այն բանից հետո, երբ ակտիվացավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Եվ այստեղ Ղարաբաղի հարցը վերածվեց սակարկության հարցի»,-ասել է Բաբայանը:--ԿԱ--