22 հուլիսի 2009 - 21:48 AMT
Վատացել է «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Արման Բաբաջանյանի առողջական վիճակը
Ինչպես նշվում է Հայ ազգային կոնգրեսի հայտարարության մեջ նշվում է, որ վերջին շրջանում կտրուկ վատացել է «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Արման Բաբաջանյանի առողջական վիճակը: Նա արդեն տեւական ժամանակ գտնվում է է կալանավայրերի կենտրոնական հիվանդանոցում:
Դեռ ամիսներ առաջ կրկնվող գլխացավերի առիթով արված բժշկական հետազոտությամբ նրա գլխուղեղի վրա հայտնաբերվել է վտանգավոր ուռուցքատիպ գոյացություն, որը սակայն կրկնակի հետազոտությամբ ժխտվել, անտեսվել է: Օրեր առաջ արված նոր հետազոտությամբ պարզվել է, որ այն ոչ միայն գոյություն ունի, այլեւ կարճ ժամանակում արագորեն մեծացել է` դառնալով կյանքի համար վտանգավոր, ինչը կասկած է հարուցում, թե ժամանակին արված երկրորդ հետազոտության արդյունքը կեղծվել է` քաղբանտարկյալին կալանքի տակ պահել շարունակելու նպատակով: Այսօր նրա վիճակը հասել է կրիտիկականի, ընդհուպ կլինիկական մահվան աստիճանի: Հիվանդությունը, որով տառապում է Արման Բաբաջանյանը, կարիք ունի բարձրակարգ բժշկական միջամտության, ինչը անհնար է կալանավայրեի հիվանդանոցում եւ կասկածելի` անգամ Հայաստանի որեւէ այլ հիվանդանոցի պայմաններում: Արման Բաբաջանյանին մի քանի անգամ մերժել են պայմանական վաղակետ ազատ արձակելու օրենքով սահմանված հնարավորությունից: Նրա համար սահմանված պատժի ամբոջական կրելուն մնացել է ընդամենը 45 օր ժամանակ:
Հայ ազգային Կոնգրեսը պահանջում է նրան անհապաղ ազատ արձակել` հնարավորություն տալով անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալ, հակառակ դեպքում հնարավոր վատ հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը կընկնի վարչախմբի եւ անձամբ Սերժ Սարգսյանի վրա, նշվում է Հայ ազգային կոնգրեսի հայտարարության մեջ: