24 հուլիսի 2009 - 00:13 AMT
Հայ լրագրողները մեկնում են Բրյանսկ` ֆուտբոլի միջազգային մրցաշարի
Հուլիսի 24-ին Հայաստանի լրագրողների ֆուտբոլային թիմը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ ու «Արմավիա» ընկերության աջակցությամբ, կմեկնի Կլինցի (ՌԴ Բրյանսկի շրջան) ԱՊՀ երկրների ու Բալթիայի լրագրողների ֆուտբոլային թիմերի միջեւ հինգերորդ միջազգային մրցաշարին մասնակցելու նպատակով:

Հայկական թիմից բացի մրցաշարին կմասնակցեն նաեւ լրագրողների թիմեր Վոլգոգրադից, Մինսկից, Մոսկվայից (ՆՏՎ+), Վիլնյուսից, Լուցկից ու Բրայնսկից: Մրցումների կազմակերպիչներն են Բրյանսկի մարզի Երիտասարդական քաղաքականության, ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի կոմիտեն, Բրյանսկի ֆուտբոլի մարզային ֆեդերացիան:

Թիմերը ուժերը կչափեն նաեւ սեղանի թենիսում, նրանց սպասում է նաեւ մշակութային ծրագիր:

Հայկական թիմի կազմում ընդգրկված են` Արմեն Պետրոսյանը (Արտասահմանյան լրագրողների ասոցիացիա), Էդուարդ Հայրապետյանը (Կենտրոն համայնքի կադաստրի մամլո ծառայություն), Դավիթ Նազարյանը (PanARMENIAN.Net լրատվական գործակալություն), Արամ Արոյանը («Ռեգնում» լրատվական գործակալություն), Էմիլ Սարգսյանը («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ), Հովհաննես Հակոբյաը (Արտասահմանյան լրագրողների ասոցիացիա), Արման Ալավերդյանը («Մեդիամաքս» գործակալություն), Տիգրան Հովհաննիսյանը (թիմի ավագ, «7 օր» կայքէջի ռուսական վարկածի խմբագիր, ԱԻՆ մամլո ծառայություն):

2000թ.Բաքվում նմանատիպ մրցաշարից բացի, Հայաստանի լրագրողների ֆուտբոլային թիմը 1999թ. ի վեր մասնակցել է ԱՊՀ ու Բալթիայի երկրների լրագրողների շրջանում բոլոր առաջնություններին: 2001թ. ի վեր Հայաստանի թիմին հովանավորում էր ՀՀ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ անցյալ տարվանից թիմը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո է գործում: