1 մայիսի 2002 - 20:58 AMT
ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է «ԵՐԿՐԱՊԱՀ» ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանը երեկ կայացած «Երկրապահ» կամավորականների Միության հինգերորդ համագումարում վերընտրվել է այդ կազմակերպության նախագահ: Համագումարի ընթացքում կազմավորվել է Միության վարչությունը, որի կազմը 45-ից կրճատվել է մինչեւ 31 հոգի: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վարչության կազմում , մասնավորապես, ընդգրկվել են` Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը, խորհրդարանի պատգամավորներ Արա Կետիկյանը, Մյասնիկ Մալխասյանը, Ռուբեն Գեւորգյանը, Սասուն Միքայելյանը, ինչպես նաեւ ահաբեկիչների զոհ դարձած, «Երկրապահի» հիմնադիր Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը, պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանը, պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-մայոր Արթուր Աղաբեկյանը եւ քննության տակ գտնվող Մուշեղ Սաղաթելյանը: Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հաղորդել է, որ չի ցանկանում ընդգրկվել վարչության կազմի մեջ, քանի որ ընտրությունները, նրա կարծիքով, կեղծվել են: Նշենք, որ համագումարում Արմեն Սարգսյանը առաջարկել է չընդգրկել վարչության կազմում վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, քանի որ վերջինս չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: