26 հուլիսի 2009 - 02:37 AMT
Արլինգտոնում տեղի է ունեցել IAGS «Ցեղասպանության նոր «դեմքը» 21-րդ դարում» 8-րդ խորհրդաժողովը
Արլինգտոնում (Վիրջինիա) տեղի է ունեցել IAGS «Ցեղասպանության նոր «դեմքը» 21-րդ դարում» խորագրով ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների 8-րդ գիտաժողովը: Գիտաժողովի շրջանակներում մասնակիցները քննարկել են Հայոց ցեղասպանության պատմությունը, ազդեցությունը, ինչպես նաեւ ուսումնական հաստատություններում 20-րդ դարի առաջին ցեղասպանության ուսուցման հարցերը:
«Մեզ համար մեծ պատիվ է մասնակցել IAGS գիտաժողովին: Այդ ասոցիացիան երկար տարիներ է ինչ հանդես է գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, եւ մենք ուրախ ենք մեր ներդրումն անել նման կարեւոր կազմակերպության գործունեության մեջ»,-հայտարարել է Genocide Education Project-ի գործադիր տնօրեն Րաֆֆի Մոմջյանը:
Genocide Education Project-ի կոնսուլտատիվ խորհրդի ներկայացուցիչ Պիտեր Բալաքյանը (ԱՄՆ Քոլգեյթի համալսարան) հանդես եկավ «Ցեղասպանությունը եւ նրա ազդեցությունը տուժած ժողովրդի մշակույթի ու հոգեբանության վրա» թեմայով քննարկումների ժամանակ: Իսրայելի բաց համալսարանի ներկայացուցիչ Յաիր Աուրոնը ներկայացրել է «Հոլոքոսթն ու ցեղասպանության դասավանդումն Իսրայելում` քննադատական հայացք ազգային անկարողության վրա» թեման: