28 հուլիսի 2009 - 20:16 AMT
Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են արագացնել «Հյուսիս-Հարավ» նոր եվրասիական միջանցքի ստեղծումը
ՌԴ-ում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջաիի եւ ՌԴ տրանսպորտի նախարարության պետքարտուղար Սերգեյ Արիստովի բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են արագացնել «Հյուսիս-Հարավ» նոր եվրասիական միջանցքի ստեղծումը, ընդ որում ներգրավելով այդ նախագծում Անդրկովկասի բոլոր երկրներին, Ղազախստանին ու Թուրքմենստանին: Միաժամանակ Հայաստանն ու Վրաստանը օրերս պաշտոնապես հաստատեցին իրենց շահագրգռվածությունը նոր միջանցքի ստեղծման ու օգտագործման հարցում, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:
Ճանապարհի գլխավոր մայրուղին անցնում է Կասպից ծովի ռուսական, ադրբեջանական ու իրանական ափի երկայնքով: Ռուսական կողմը տեխնիկական օգնություն է ցուցաբերում Ադրբեջանի ու Իրանի երկաթուղիների կցման հարցում (Լենկորան-Աստարա): ՌԴ տարանցիկ եկամուտներն այդ ճանապարհից գնահատվում են առնվազն 100 մլն դոլար տարեկան:
Միջանցքը նախատեսված է հիմնականում կոնտեյներային բեռների համար եւ թույլ կտա, առաջին անգամ ՌԴ տնտեսաության պատմության մեջ, հրաժարվել «թուրքական» տարանցումից` Բոսֆորի նեղուցով-Մարմարի ծովով-Դարդանելի նեղուցով, եւ դուրս գալ Հնդկական օվկիանոսի ավազան ամենակարճ ճանապարհով: Քանի որ բեռնանավերի նավարկության սահմանափակմանն ուղղված Անկարայի գործողությունները 1995-2008թթ, մեծ վնաս հասցրեցին ռուսական կողմին` շուրջ 400 մլն դոլար: Ըստ «Մախաչկալայի ծովային առեւտրական նավահանգիստ»-ի բեռների ու առեւտրային աշխատանքի բաժնի պետ Ջամալուտդինովի, «բեռների բազան միջանցքի համար մշակված է, պահանջարկն ու հաճախորդները հնդակական նավահանգիստների ուղղությամբ կա, բանակցությունները շարունակվում են: Կա նաեւ օտարերկրյա մի ընկերության առաջարկը` կանոնավոր բեռնափոխադրումներ կազմակերպել Իրանով դեպի Հնդկաստան: