29 հուլիսի 2009 - 12:42 AMT
Սերբիան շահագրգիռ է ամրապնդելու եւ խորացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սերբիայի արտգործնախարար Վուկ Յերեմիչին, որը Երեւանում է գտնվում պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սերբիայի Հանրապետության նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում:
Հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Սերբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն քննարկեցին հայ-սերբական հարաբերությունների հետագա ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` իրավապայմանագրային դաշտի ձեւավորման, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության, տնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակումների ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Նախարար Յերեմիչը նշեց, որ Հայաստանի նախագահի հրավերով Սերբիայի նախագահի պաշտոնական այցը Հայաստան նոր էջ է բացում երկկողմ հարաբերություններում, եւ դա վկայում է, որ Սերբիայի Հանրապետությունը շահագրգիռ է էլ ավելի ամրապնդելու եւ խորացնելու Հայաստանի հետ համակողմանի համագործակցությունը:
Նախարարներ Նալբանդյանն ու Յերեմիչը շարունակեցինհունիսին Մադրիդում սկսված երկխոսությունը Կովկասում եւ Բալկաններում վերջին զարգացումների, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ:
Վուկ Յերեմիչը Էդվարդ Նալբանդյանին հրավիրեց այցելել Բելգրադ` Հայաստանի եւ Սերբիայի Նախագահների հանձնարարությամբ շարունակելու երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված գործնական երկխոսությունը, հաղորդու է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: