30 հուլիսի 2009 - 18:42 AMT
Հայաստանի Առողջապահության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում A(H1N1) վիրուսին դիմակայելու համար
Հայաստանում բոլոր հնարավոր միջոցներն են ձեռնարկվում A(H1N1) վիրուսի` հանրապետություն թափանցելու դեպքում նրան դիմակայելու համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:

«Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, որտեղ հատուկ բաժանմունք է առանձնացվել այսպես կոչված «խոզի գրիպով» հիվանդներին օգնություն ցուցաբերելու համար, կան բոլոր անհրաժեշտ դեղամիջոցները անհրաժեշտության դեպքում հիվանդությունը բուժելու համար»,- հաղորդել է Լիանա Թորոսյանը, որը նաեւ հայտնել է, որ ներկա պահին Հայաստանում A(H1N1) վիրուսով հիվանդներ չկան:

Նրա խոսքով, խուճապի համար պատճառներ չկան, Հայաստանի Առողջապահության նախարարությունում A(H1N1) վիրուսի տարածումը կանխելու անհրաժեշտ բոլոր միջոցների իրականացման համար ստեղծվել է օպերատիվ շտաբ, որի մեջ մտնում են նախարարության զանազան բաժինների մասնագետներ, իսկ «Զվարթնոց» օդանավակայանում գործում է սանիտարա-կարանտինային կետ:

Իսկ բնակչության շրջանում տեղեկացվածությունը բարձրացնելու հարցը Առողջապահության նախարարությունը մտադիր է լուծելու հատուկ բուկլետների օգնությամբ, որոնք արդեն հրատարակվել են:

«Բուկլետները մարզային վարչակազմերի եւ հիվանդանոցների միջոցով տարածվում են երկրի բոլոր մարզերում, եւ նախկինի պես զգուշության հիմնական միջոցը մնում է անձնական հիգիենայի պահպանումը»,- նշել է Լիանա Թորոսյանը: