31 հուլիսի 2009 - 15:42 AMT
Տարվա կտրվածքով Հայաստանում երկնիշ տնտեսական անկում է սպասվում
Տարվա կտրվածքով Հայաստանում երկնիշ տնտեսական անկում է սպասվում, գտնում է ՀՀ ԱԺ խոսնակի խորհրդական, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքերով, անկումը կշարունակվի, եւ եթե 2010թ. կեսին մենք ունենանք ՀՆԱ-ի գոնե 0 տոկոս աճ, դա լավագույն ցուցանիշը կլինի: «Ես այն տնտեսագետների թվին չեմ պատկանում, որոնք տնտեսության ակտիվացում են կանխատեսում տարեվերջին, ես ուրախ կլինեմ, եթե 2010թ. կեսին մենք ունենանք տնտեսության 0 տոկոս աճ»,-ասել է Մանասերյանը եւ հավելել, որ ՀՆԱ-ի 0-տոկոսանոց աճին հասնելու համար հսկայական աշխատանք է պետք կատարել:

Այս համատեքստում Մանասերյանը նշել է, որ տարվա կտրվածքով Հայաստանում երկնիշ տնտեսական անկում է սպասվում` 10 տոկոս եւ ավելի: Նա հիշեցրել է, որ ՀՆԱ-ի կանխատեսումը տարվա սկզբի համար առավել լավատեսական էր, սակայն որոշ կանխատեսումներով նրա բարելավում է ակնկալվում տարեվերջին, սակայն ըստ նրա, Հայաստանին չի հաջողվի խուսափել երկնիշ ցուցանիշից:

Միեւնույն ժամանակ Մանասերյանը հավելել է, որ քանի դեռ չի անցկացվել ճգնաժամի ախտորոշում, վաղ է կանխատեսումներ անել, թե որ փուլում է Հայաստանը: Բացի այդ, ըստ նրա, «հարկավոր է վերհանել Հայաստանի տնտեսության հիվանդության պատճառը, անկախ համաշխարհային ճգնաժամից»: «Ես խորապես համոզված եմ, որ առանց մեր ներքին խնդիրների հաղթահարման, մենք ետեւում կմնանք եւ չենք կարողանա հաղթահարել ճգնաժամը ՀՀ տնտեսության մեջ»,-ասել է նա: