31 հուլիսի 2009 - 18:19 AMT
Հայաստանի եւ Արցախի միջեւ հարաբերությունները պետք է հայեցակարգային մոտեցում ունենան
«ՀՀ Հանրային խորհրդի պատվիրակության` ԼՂՀ կատարած այցի ժամանակ մենք որոշ բացթողումներ նկատեցինք Հայաստանի եւ Արցախի միջեւ հարաբերություններում, որոնց պատճառը մեր երկու երկրների միջեւ համագործակցության մասին հայեցակարգի բացակայության մեջ է»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին ընդգծել է քաղաքացիական հասարակության կայացման հարցերի գծով ՀՀ Հանրային խորհրդի հանձնաժողովի նախագահ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը::

Հովհաննիսյանը նաեւ ընդգծել է, որ հայեցակարգի իրականացման դեպքում Լեռնային Ղարաբաղը կարող էր պաշտոնապես Հայաստանին հանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններում Արցախը ներկայացնելու իրավասությունները: Իսկ այժմ, ինչպես նշել է Հովհաննիսյանը, այդ ամենն ինքնըստինքյան է կատարվում, առանց ԼՂՀ պաշտոնական համաձայնության:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին այն մասին, թե արդյոք Հանրային խորհրդի օրակարգում առկա է Ջավախքի հետ համագործակցության վերաբերյալ որեւէ քննարկում, Հովհաննիսյանը պատասխանել է, որդեռեւս կոնկրետ քննարկումներ չկան, բայց ինքը պատրաստվում է բարձրացնել այդ հարցը խորհրդի հաջորդ նիստին: