4 օգոստոսի 2009 - 17:17 AMT
Զարուհի Փոստանջյան. ԼՂՀ մերձակա ազատագրված տարածքները մեր հայրենիքի անվտանգության երաշխիքն են
«ԼՂՀ մերձակա ազատագրված տարածքները մեր հայրենիքի անվտանգության երաշխիքն են եւ դրանց հանձնումը Ադրբեջանի հսկողությանն անթույլատրելի է»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Ժառանգություն» խմբակցությունից պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով, Մադրիդյան սկզբունքներն անընդունելի են, եթե դրանցում ազատագրված տարածքների հանձնման մասին կետ է առկա: Զարուհի Փոստանջյանը նշել է, որ Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը, որից հետո Արցախն ինքը կորոշի այդ տարածքների ճակատագիրը: Փոստանջյանը նաեւ ավելացրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանը պետք է հանդես գա միայն որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր:

«Ժառանգություն» կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանն իր հերթին նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ ԼՂՀ ղեկավարությունը վստահում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, դա Հայաստանին բոլորովին իրավունք չի տալիս ԼՂՀ փոխարեն որոշելու ազատագրված տրածքների ճակատագիրը:

Նա նաեւ հաղորդել է, որ «Ժառանգություն» կուսակցությունը պաշտոնապես դիմել է Արցախի ղեկավարությանը Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման առիթով եւ պատասխան է ստացել արտաքին հարաբերությունների գծով ԱԺ հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանից: Նամակում, Խուրշուդյանի խոսքով, մասնավորապես, ասվում է այն մասին, որ ԼՂՀ անկախության ճանաչման հարցում Հայաստանը` որպես ինքնավար երկիր, ինքն է որոշում առաջնություններն ու իր արտաքին քաղաքականության օրակարգը: