5 օգոստոսի 2009 - 18:51 AMT
ԵԱՀԿ կատարելագործում է Հայաստանի կառավարման ժողովրդավարական համակարգը
ԵԱՀԿ եւ Սպորտի եւ երիատսարդության նախարարությանն առընթեր Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի միջեւ ստորագրված պայմանագրի շրջանակներում իրականացվում է «Մարզային երիտասարդական կենտրոնների ժողովրդավարական կառավարման համակարգի հզորացում» ծրագիրը:

Ծրագրի նպատակը փորձի փոխանակությունը եւ քննարկումներն են երիտասարդական միջոցառումների կազմակերպման մարզային կենտրոնների միջեւ, սոցիալական եւ քաղաքացիական կյանքում մարզերի երիտասարդության ձիրքերի եւ ընդունակությունների զարգացումը, ինչպես նաեւ մարզերի երիտասարդների խնդիրների լուծմանն աջակցելն է, նրանց քաղաքացիական ակտիվության բարձրացումը, եւ աշխատաշուկայում նրանց ավելի մրցունակ դարձնելը:

Ծրագրի շրջանակներում հայտարարվել է փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթ մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնների համար, որը կանցկացվի երեք փուլով: Առաջին երկու փուլերի արդյունքում մարզային 10 երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոններից ներկայացվել է 25 ծրագիր, որոնցից 17-ն ընտրվել են ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ու ԵՄԿԿ-ի աշխատակիցների կողմից, ստացել ֆինանսավորում եւ իրականացվել: Ծրագրերն ընտրելիս հաշվի են առնվում մի շարք չափանիշեր, այդ թվում` երիտասարդների ներգրավումը ծրագրի իրականացմանը, նորարարական եւ ստեղծագործական մոտեցումները եւ այլն:

Ծրագրի երրորդ փուլն արդեն մեկնարկել է. դրամաշնորհների հայտերի ընդունման վերջնաժամկետն օգոստոսի 15-ն է, ծրագրերի իրականացման ժամկետը` մինչեւ նոյեմբերի 15-ը: