5 օգոստոսի 2009 - 20:50 AMT
Ոստիկանությունը զգալի հաջողությունների է հասել գործունեության գոլոր ուղղություններով
Օգոստոսի 5-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը:

Նիստի օրակարգում 2009 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետությունում հանցավորության վիճակի եւ դրա դեմ ոստիկանության ստորաբաժանումների ու տարածքային մարմինների կողմից տարվող պայքարի մասին հարցն էր:

Հանրապետության ներքաղաքական կայունությունը հնարավորություն ընձեռեց ՀՀ ոստիկանությանը ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում լիարժեք կենտրոնանալու ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված խնդիրների իրագործման վրա, եւ պետք է արձանագրել, որ գրեթե բոլոր ուղղություններով ձեռք են բերվել շոշափելի արդյունքներ:

Բացի այդ, ուղենիշ ունենալով ՀՀ Նախագահի հանձնարարականները եւ ՀՀ կառավարության գործունեության ծրագրային դրույթները, հաշվետու ժամանակահատվածում շարունակվել է համակարգված աշխատանքը բնակչության շրջանում ոստիկանության հեղինակության բարձրացման ուղղությամբ: Իսկ վերջինիս հասնելու հիմնական գրավականներից ՀՀ ոստիկանության ղեկավարությունն առանձնացրել է` հանցագործությունների եւ այլ իրավախախտումների վերաբերյալ քաղաքացիների հաղորդումներին պատշաճ արձագանքումը, քողարկված բնույթ կրող հանցագործությունների հայտնաբերումն ու բացահայտումը, պատժի անխուսափելիության հանրահայտ սկզբունքի հնարավորինս լիարժեք իրագործումը, բնակչության մոտ անձնական անվտանգության ապահովվածության զգացման ամրապնդումը, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողների առօրյա գործունեությունում օրինականության պահպանումը, ասվում է ոստիկանության մամլո հաղորդագրության մեջ: