7 օգոստոսի 2009 - 20:25 AMT
Թուրքական հասարակության մեջ հայի բավական բացասական կերպար է ձեւավորվել
«Թուրքական հասարակության մեջ հայի բավական բացասական կերպար է ձեւավորվել, ինչը խորը արմատներ ունի: Հայերի հանդեպ թուրքական հասարակության վատ վերաբերմունքը խորանում է պաշտոնական գաղափարախոսության եւ համապատասխան ուսումնական ծրագրերի միջոցով»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի դասախոս, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Լրագրողների հարցին այն մասին, թե ինչ է ձեռնարկում Թուրքիայի հայկական համայնքը իրադրությունը շտկելու համար, նա պատասխանել է, որ թուրքահայերն այդ պետության լավ քաղաքացիներ են, բայց նրանք ոչ մի քայլ չեն ձեռնարկել, որպեսզի շտկեն հայի խեղաթյուրված կերպարը:

Ռուբեն Մելքոնյանի խոսքով, Թուրքիայում ցանկացած հայ, որը կտրուկ դիրքորոշում կբռնի, առաջին հերթին կդառնա թուրքական հասարակության եւ պետական ապարատի թիրախը: Վերը ասվածի հետ կապված նա հիշեցրել է հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մասին, որը սպանվեց թուրք ազգայնականների կողմից 2007թ. հունվարի 19-ին:

Ռ.Մելքոնյանը նաեւ ավելացրել է, որ Թուրքիայի հայկական համայնքը բավական ծանր դրության մեջ է եւ վախենում է բարձրացնել իր ազգային նույնության հարցը: «Այդ իրադրությունը կարելի է բացատրել նաեւ նրանով, որ Թուրքիայում ՀԱԵ Կոստանդնուպոլսյան պատրիարքարանի ղեկավարը ծանր հիվանդ է եւ նրա պաշտոնը զբաղեցնող արքեպիսկոսպոս Արամ Ատեշյանը բավականաչափ խարիզմայով օժտված չէ, որպեսզի միավորի թուրքահայերին»,- ամփոփել է Մելքոնյանը: