25 ապրիլի 2002 - 23:00 AMT
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԵՆ ԲՈՒՇԻ ՈՒՂԵՐՁԻՑ
Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված օրվա կապակցությամբ, հայերին ուղղված իր ավանդական ուղերձում անվանել է դարի սկզբի այդ իրադարձությունը «սարսափելի ողբերգություն»: «Այդ սարսափելի սպանությունները վերքեր են թողել, որոնք մինչեւ այժմ ցավ են պատճառում մարդկանց Հայաստանում, Թուրքիայում եւ ամբողջ աշխարհում: Ես բաժանում եմ ԱՄՆ եւ ամբողջ աշխարհի հայերի վիշտը»: Այս կապակցությամբ, Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը հայտարարել է, որ ԱՄՆ հայ համայնքը «լրջորեն մտահոգված եւ հիասթափված է այն փաստից, որ նախագահ Բուշը հերթական անգամ չկատարեց իր նախընտրական խոստումը»: «Դժբախտաբար, մենք նորից վկա դարձանք ամերիկյան վարչակազմի մասնակցությանը` Հայոց ցեղասպանության ժխտելուն ուղղված թուրքական քաղաքականությանը»: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: