11 օգոստոսի 2009 - 21:26 AMT
«ReAnimania» անիմացիոն կինոփառատոնին կմասնակցի 150 ֆիլմ 24 երկրից
Հրապարակվել է «ReAnimania» 1-ին Երեւանյան միջազգային անիմացիոն կինոփառատոնի ծրագիրը: Մրցութային ծրագրում անիմացիոն ֆիլմերը կմրցեն հետեւյալ անվանակարգերում հաղթանակի համար. «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն ավարտական ֆիլմ», «Լավագույն հեռուստատեսային սերիաներ», «Հանդիսատեսի մրցանակ», «ՀՀ Մշակույթի նախարարի մրցանակ», «Հատուկ մրցանակ երեխաների կողմից»:

Փառատոնի ընթացքում կիրականացվեն նաեւ հատուկ ծրագրեր` «Փառատոններ, կազմակերպություններ եւ դպրոցներ», «Հետահայաց ցուցադրություններ»:

«ReAnimania» 1-ին Երեւանյան միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենա հետեւյալ աշխատանքների երեւանյան պրեմիերաները. իսրայելցի ռեժիսոր Արի Ֆոլմանի «Վալս Բաշիրի հետ» /WALTZ WITH BASHIR/, Նինա Փեյլիի (ԱՄՆ) «Սիտան բլյուզ է երգում» /SITA SINGS THE BLUES/, Բիլ Փլիմփթոնի (ԱՄՆ) «Հիմարներ եւ հրեշտակներ» /IDIOTS AND ANGELS/ , Մարժան Սատրապիի եւ Վինսենտ Պարոնուի (Ֆրանսիա) «Պերսեպոլիս» /PERSEPOLIS/:

Փառատոնի շրջանակներում Երեւանում կանցկացվեն սեմինարներ անիմացիայի բեմադրման թեմայով. ավանդական երկչափ (2D) անիմացիա, եռաչափ (3D) անիմացիա (ոչ համակարգչային), պատկերապատում, անիմացիոն կերպարի ձեւավորում: Փառատոնի ընթացքում կկազմակերվեն նաեւ «Անիմացիոն արվեստի նմուշներ», «Պատկերապատում» ցուցահանդեսներ:

«ReAnimania» 1-ին Երեւանյան միջազգային անիմացիոն կինոփառատոնը տեղի կունենա Երեւանում հոկտեմբերի 3-6-ը: Կինոփառատոնին կմասնակցի 150 ֆիլմ աշխարհի 24 երկրից: