11 օգոստոսի 2009 - 21:39 AMT
Սեւանի ափին տեղի կունենա «Երաժիշտները Հանուն Խաղաղության» փառատոնը
«Երաժիշտները Հանուն Խաղաղության» միջազգային երաժշտական առաջին փառատոնը տեղի կունենա օգոստոսի 28-ին, Սեւանա լճի ափին` «Մայամի» հանգստյան գոտում: Փառատոնը միտված է նպաստելու մշակութային արժեքների պահպանմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ նոր զբոսաշրջային արդյունքի ձեւավորմանը: Փառատոնի նպատակն է ակտիվացնել համագործակցությունը միջազգային երաժշտական կազմակերպությունների եւ խմբերի հետ, Հայաստանը միջազգային հանրությանն ու համաշխարհային զբոսաշրջային շուկային ներկայացնել ժամանակակից ժամանցային ռեսուրսներով եւ հարուստ մշակութային ավադույթներով:

Այս տարի Փառատոնին կմասնակցեն ռոք եւ բլյուզ ժանրերի խմբեր Հայաստանից (Ֆորշ եւ «Ռե Մինոր», «Քրոսսռոդս», «Ռեինկարնացիա», «Դորիանս», «Բամբիռ»,), Վրաստանից («Սթրին», «Բաքուր», «Սմայլ», «Վովա Մագիլաձե», «Զումբալենդ») եւ Մեծ Բրիտանիայից («Ամրիտա»)՝ թվով 75 մասնակից:

«Երաժիշտները Հանուն Խաղաղության» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնը նախաձեռնել եւ կազմակերպել է «Ֆորշ Ընդ Ֆրենդս» ընկերությունը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանավորությամբ եւ աջակցությամբ: