11 օգոստոսի 2009 - 22:57 AMT
Արդյո՞ք Ռուսաստանը վերջապես համակերպվել է Կովկասում մրցակցության հետ
Nabucco նախագիծը կամ South Stream (Հարավային հոսանք) գազային համաձայնագիրը, որը ստորագրվել էր Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, ոչ մի կերպ չի անդրադառնա տարածաշրջանում իրադրության վրա: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքերով, դեռեւս նախորդ տարում Ռուսաստանը բացասականորեն էր արձագանքել այն բոլոր նախագծերին, որոնք իրեն շրջանցել են, եւ ցանկացած միջոցներով փորձել էր խանգարել դրանց իրականացմանը: Nabucco-ն եւս բացառություն չէր:

Ստեփան Սաֆարյանը գտնում է, որ Nabucco-ի շուրջ ձեռքբերված համաձայնագիրը լրջորեն անդրադարձել է Կովկասում Ռուսաստանի շահերի վրա, ուստի եւ այդ նախագծի արգելափակման նպատակով Ռուսաստանը ծրագրում էր սկսել ռուս-վրացական պատերազմի երկրորդ փուլը, կամ էլ ղարաբաղյան խնդրի կարգավորման առնչությամբ հակամարտություն հրահրել տարածաշրջանում:

Հայ պատգամավորը տարօրինակ է համարում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հայտարարություն այն մասին, որ Nabucco նախագիծը Մոսկվայի համար մրցունակ չէ, եւ ենթադրում է, որ Ռուսաստանը վերջապես համակերպվել է Կովկասում մրցակցության հետ:

Ստեփան Սաֆարյանը նաեւ մեկնաբանել է Բաքվի վերջին պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը Հայաստանին խաղաղություն կպարտադրի: «Պաշտոնական Բաքվի հայտարարությունը լոկ հող շոշափելու փորձ է: Հայաստանը չպետք է արձագանքի նման հայտարարություններին», - ընդգծել է Ստեփան Սաֆարյան: