12 օգոստոսի 2009 - 12:50 AMT
ԿԽՄԿ-ն տոնում է Ժնեւյան կոնվենցիաների 60 տարին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) նշում է 1949 թ. օգոստոսի 12-ին ստորագրված Ժնեւյան չորս կոնվենցիաների 60 ամյակը՝ կոչ անելով պետություններին եւ զինված խմբավորումներին գործելու համաձայնագրերին առավել համապատասխան։ Ինչպես PanARMENIAN. Net-ին հաղորդեցին Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունից, օգտվելով առիթից, ԿԽՄԿ-ն նաեւ ներկայացնում է իր տեսակետը միջազգային մարդասիրական իրավունքի ապագա զարգացումների վերաբերյալ։
Ժնեւյան կոնվենցիաները եւ դրանց լրացուցիչ արձանագրությունները միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) հիմնաքարն են, իրավունք, որը սահմանափակումներ է դնում պատերազմելու միջոցների եւ մեթոդների վրա։ Բոլոր 194 պետությունները անդամակցում են Ժնեւյան կոնվենցիաներին, դրանով իսկ դարձնելով այն յուրահատուկ։
ԿԽՄԿ-ն դիմում է պետական իշխանություններին, ինչպես նաեւ ոչ պետական զինված խմբավորումներին, որոց վրա նույնպես տարածվում են իրավունքի սահմանափակումները՝ դրսեւորելու անհրաժեշտ քաղաքական կամք իրավական սահմանումները գործնականում կիրառելու համար։
«Մենք ամենուրեք պարբերաբար ականատես ենք լինում ՄՄԻ-ի խախտումների՝ լինեն դրանք քաղաքացիական բնակչության զանգվածային տեղահանումներ, ոչ խտրական ազդեցություն ունեցող զենքի կիրառում թե բանտարկյալների հանդեպ խոշտանգումներ»,- ասաց Յակոբ Կելլենբերգերը, ԿԽՄԿ նախագահը։ «Նույնիսկ պատերազմներն ունեն սահմաններ եւ եթե գոյություն ունեցող կանոններն ավելի հաճախ կիրառվեին, հնարավոր կլիներ խուսափելու զինված ընդհարումների պատճառած շատ տառապանքներից։ Սակայն կա նաեւ դրական տեղաշարժ. այս խախտումներից շատերն արդեն աննկատ չեն մնում։ Ավելի հաճախ են դեպքերը, երբ պատասխանատվության են ենթարկվում նման գործողություններ իրականացնողները, ինչը դրական զարգացում է»։
Ժնեւյան կոնվենցիաները եւ դրանց լրացուցիչ արձանագրությունները իրավական հիմք են հանդիսանում քաղաքացիական անձանց եւ հիվանդներին, վիրավորներին կամ ռազմագերիներին պաշտպանելու համար։ ԿԽՄԿ-ի մարդասիրական առաքելությունը, որն իր մեջ ընդգրկում է այցելություններ բանտարկյալներին, օգնության տրամադրում, տարանջատված ընտանիքների վերամիավորում եւ այլ մարդասիրական գործունեություն զինված հակամարտությունների ժամանակ, սահմանված է այս կոնվենցիաներով։
«Վերջին տարիներին շահարկվում էր ՄՄԻ-ի արդիականության հարցը կապված ժամանակակից զինված հակամարտությունների բարդ բնույթի, կոմբատանտների եւ քաղաքացիական անձանց միջեւ տարբերակելու դժվարության, ինչպես նաեւ այնպիսի երեւույթների հետ, ինչպիսիք են ահաբեկչությունը եւ ասիմետրիկ պատերազմները»,- ասաց պարոն Կելլենբերգերը։ «Այն, որ ՄՄԻ-ի առկա նորմերը չեն կորցրել իրենց արդիականությունը, դա կասկածից վեր է։ Խնդիրը շարունակում է մնալ առկա կանոններին խստորեն չհետեւելը։ ԿԽՄԿ-ն պետք է ուսումնասիրի բոլոր հնարավոր ուղիները, որոնք կնպաստեն նորմերը խստորեն կիրառելուն»։
«Միաժամանակ հարկ է պարզաբանումներ տալ ժամանակակից զինված ընդհարումների մասին որոշակի հիմնարար գաղափարների վերաբերյալ։ Կանոնների մի մասը հարկավոր է վերջնական տեսքի բերել,» - հավելել է Կելլենբերգերը։ «Ցանկալի կլիներ նաեւ լրամշակել իրավունքի որոշակի ասպեկտներ, հատկապես՝ ոչ միջազգային զինված ընդհարումների վերաբերյալ։ ԿԽՄԿ-ի դերը միայն այն չէ, որ ապահովի գոյություն ունեցող նորմերի նկատմամբ ավելի մեծ հարգանք, այլեւ խորհուրդ եւ ուղղություն տալու մեջ է, թե մարդասիրական տեսանկյունից որ պարզաբանումներն ու լրամշակումներն են անհրաժեշտ»: