12 օգոստոսի 2009 - 18:26 AMT
Այսօր Երեւանում կկայանա ամերիկացի կիթառահար Սթենլի Ջորդանի համերգը
Այսօր Ալ.Սպենդիարյանի անվ. Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա հայտնի ամերիկացի կիթառահար Սթենլի Ջորդանի համերգը: Երաժշտի խոսքով, առաջիկա համերգին ինքը ստեղծագործություններ կկատարի իր «State of Nature» ալբոմից, մեղեդիներ այլ ալբոմներից, ինչպես նաեւ մի քանի նոր ստեղծագործություններ:
Համերգից մեկ օր առաջ` երեքշաբթի օրը, «Մալխաս» ջազ-ակումբում Սթենլի Ջորդանը վարպետության դաս անցկացրեց, որին մասնակցեցին մոտ քսան հայ երաժիշտներ:
Հիսունամյա Սթենլի Ջորդանը հայտնի է դաշնամուրի տեխնիկան կիթառի նվագի ժամանակ կիրառելու իր հմտությամբ, որի դեպքում հաճախ զուգահեռ նվագ է կատարվում էլեկտրոկիթառի միանգամից երկու գրիֆերի վրա: Երաժիշտը զանազան գործիքների վրա սկսել է նվագել վաղ մանկությունից, իսկ կիթառն առաջին անգամ նրա ձեռքում հնչել է 7 տարեկանում: Քսանվեց տարվա ընթացքում երաժիշտը տասներեք ալբոմ է թողարկել: Նրա վերջին սկավառակը` «State of Nature»-ը, թողարկվել է 2008թ.: