14 օգոստոսի 2009 - 19:30 AMT
«S.O.S Թեղուտ» երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը վկայից վերածվել է մեղադրյալի
«S.O.S Թեղուտ» երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը սույն թվականի օգոստոսի 15-ին հրավիրվել է ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժին` ցուցմունք տալու զրպարտության մեղադրանքով (ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդված, մաս առաջին): Եթե ավելի վաղ Մարիամ Սուխուդյանը հետախուզական բաժին էր հրավիրվում որպես վկա, ապա 2009թ. օգոստոսի 13-ին նա ծանուցագիր ստացավ, որտեղ նշված է, որ նրան քննչական բաժին են կանչում որպես մեղադրյալ:

«Տեսանյութը, որի պատճառով ինձ զրպարտության մեղադրանք են ներկայացրել, նկարահանվել է մանկատան երեխաների վկայությունների հիման վրա, որոնք պատմում են մանկավարժի գործողությունների մասին,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Մարիամ Սուխուդյանը:- Ես վստահ եմ, որ նման անհեթեթ մեղադրանքի պատճառը կոծկված է շրջակա միջավայրի, մասնավորապես` Թեղուտի անտառի պաշտպանությանն իմ ակտիվ մասնակցության մեջ»:

2008թ. նոյեմբերի 13-ին, Հանրային հեռուստատեսությունը հաղորդում պատրաստեց, որտեղ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սանուհիներից մեկը պատմում էր ուսուցչի կողմից կատարված սեռական բնույթի ոտնձգությունների մասին: Հեռուստահաղորդման մեջ օգտագործվել էին տեսանյութեր, որոնք տրամադրվել էին S.O.S. Թեղուտի ակտիվիստների կողմից, ովքեր նաեւ զբաղվում են հասարակության խոցելի շերտերի իրավունքների պաշտպանությամբ: Հեռուստահաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժինը հետաքննություն անցկացրեց, որի արդյունքում 2009թ. փետրվարի 11-ին հարուցվեց N12105809 քրեական գործը` բայց ոչ թե սեռական ոտնձգությունների մեղադրանքով, այլ ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի առաջին մասով` զրպարտության մեղադրանքով: 2009թ. մայիսին Մարիամ Սուխուդյանը եւ «S.O.S Թեղուտ»-ի մյուս ակտիվիստները հրավիրվեցին ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժին` որպես տվյալ գործով վկաներ:

«ԷկոԼուր»-ը կոչ է անում լայն հասարակայնությանը, այդ թվում պետական կառույցներին, հատուկ ուշադրություն ցուցաբերել այս գործի նկատմամբ եւ հիշեցնում է, որ ՀՀ Նախագահի կողմից հայտարարված հասարակության ժողովրդավարացման գործընթացը ենթադրում է հասարակության մասնակցությունը երկրի ղեկավարմանը, որի ձեւերից մեկն էլ ահազանգ հնչեցնելն է: Այդ մասին ասվում է «Էկոլուր» հասարակական կազմակերպության տարածած մամլո հաղորդագրության մեջ: