17 օգոստոսի 2009 - 14:32 AMT
Հակերների հերթական զոհը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքն է
Շարունակվում են հակերների ոտնձգությունները հայկական կայքերի վրա: Այս անգամ վերջիններիս գործողությունների հետեւանքով տուժել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին ՀՖՖ-ից, կայքը չի գործել օգոստոսի 16-ի երեկոյից, սակայն օգոստոսի 17-ի կեսօրին հաջողվել է կարգավորել խնդիրը: Կայքը նախկինի պես մատչելի է եւ գործում է սովորական ռեժիմով:
«Հակերների այդպիսի հարձակումները նորություն չեն մեզ համար: Նախորդ ամիս մենք նույնպես բախվել էին այդ խնդրին, այն ժամանակ հակերները ֆրանսերեն ստորագրություն էին թողել: Սակայն այն ժամանակ նույնպես հաջողվեց լուծել խնդիրը», - ասել է ՀՖՖ մամլո քարտուղար Գեորգի Մաթեւոսյանը: