19 օգոստոսի 2009 - 15:48 AMT
Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում Հայաստանը կներկայացնեն չորս բռնցքամարտիկներ
Շչեցինում (Լեհաստան) ընթացող բռցնքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակչում Հայաստանը կներկայացնեն 4 բռնցքամարտիկներ: Ութ հայ բռնցքամարտիկներից չորսն արդեն դուրս են մնացել Եվրոպայի երիտասարդական առաջնությունից` Ալեքսան Շախյանն (54 կգ ք/կ) ու Գոռ Արիստակեսյանը (75 կգ) դուրս են մնացել առաջին իսկ մենամարտերում` զիջելով համախապատասխանաբար Ադրբեջանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչներին:

Արամ Ավագյանը (75 կգ) ի տարբերություն թիմակիցների, առաջին մենամարտում հաղթանակ տարավ լիտվացի բռնցքամարտիկի հանդեպ, բայց զիջեց ռումինացի Մարին Դրագոսին:

Ավելի հաջող ելույթ ունեցավ Վլադիմիր Մարգարյանը (64 կգ), որը, պարտության մատնելով Ֆրանսիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներին, դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ զիջեց իր հայրենակցին Գերմանիայից` Արայիկ Մարությանին:

Այդպիսով, քառորդ եզրափակչում Հայաստանը կներկայացնեն 4 բռնցքամարտիկ. Կարեն Ասլազյանը (51 կգ) կմենամարտի մոլդավացի Իգոր Օսիպովի հետ: Հարություն Աբրահամյանը (69 կգ) եւ Ազատ Դավթյանը (91 կգ) իրենց ուժերը կչափեն բելառուս բռնցքամարտիկներ Ալեքսանդր Գրիգորշչուկի եւ Վլադիսլավ Կուպցովի հետ համապատասխանաբար, իսկ Հովհաննես Օհանյանի (+91 կգ) մրցակիցը կլինի Խորվաթիայի ներկայացուցիչ Դինո Մանսուրը: