21 օգոստոսի 2009 - 20:23 AMT
ՀԱԿ պնդում է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունի գաղտնի փաստաթուղթ
Հայ ազգային կոնգրեսը պնդում է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունի գաղտնի փաստաթուղթ, եւ դա պարզապես ՀԱԿ կարծիքը չէ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա առանձնապես ընդգծել է, որ ձեռք բերված գաղտնի պայմանավորվածությունները թաքցվում են թուրք եւ հայ հասարակայնությունից:

Վերլուծելով իրադրությունը` Զուրաբյանը նշել է, որ Հայաստանի նախագահը խաբվել է, իսկ իր արարքները տեղին չեն եղել: «Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցը չի առանձնացվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցից: Թուրքիան, խաբելով Հայաստանի իշխանություններին, վերադարձել է իր նախկին դիրքորոշմանը, եւ մինչեւ որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծում չստանա, հայ-թուրքական սահմանը չի բացվի»,- հայտնել է Զուրաբյանը:

ՀԱԿ համակարգողը կրկին շոշափել է հայ-թուրքական պատմական հանձնաժողովի ստեղծման թեման` համարելով այն մեծ սխալ, որը հավասարազոր է Հայոց ցեղասպանության փաստից հրաժարվելուն:

Լեւոն Զուրաբյանն անդրադարձել է նաեւ 2008թ. մարտի 1-2 դեպքերի ուսումնասիրման` ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքին` համարելով, որ հանձնաժողովը ոչինչ չի անում եւ անգործության է մատնված: Ինչպես հայտնել է ՀԱԿ համակարգողը, ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը, որը կհրապարակվի սեպտեմբերին, պատրանք է:

Նա նաեւ անընդունելի է համարում քաղաքական գնահատականներ տալ այն երեք զեկույցներին, որոնք ներկայացվել էին փաստահավաք խմբի կողմից, նախքան հանձնաժողովը կհրապարակեր վերջնական եզրակացությունը, որոնք կատարվել էին ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի որոշ անդամների կողմից: Զուրաբյանի կարծիքով, դրանով իսկ խախտվել է անաչառության սկզբունքը: